Վերջին տարիներին քաղցկեղը դարձել է դարի հիվանդություն: Ցավոք, խնդրի տարածվածությունը բավականին մեծացել է և այսօր արդեն գոյություն
ունեն քաղցկեղի մի շարք տեսակներ: Կոլոռեկտալ քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ հաստ կամ ուղիղ աղիքի պատի առողջ բջիջները վերափոխվում են և սկսում են աճել առանց վերահսկողության. հաստ աղու պոլիպներից՝ բարորակ գոյացություններից վերածվելով չարորակի: Կոլոռեկտալ քաղցկեղն ըստ հանդիպման հաճախականության, քաղցկեղի բոլոր տեսակների մեջ զբաղեցնում է երրորդ տեղը: Նման զարգացումներից խուսափելու համար բուժառուները պետք է ճիշտ ժամանակին դիմեն բժշկի և պարբերաբար հետազոտվեն:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում, անդրադառնալով կոլոռեկտալ քաղցկեղին, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշեց, որ ըստ վիճակագրության ամեն տարի ամբողջ աշխարհում 1 միլիոն նոր դեպք է արձանագրվում. ունենում են մոտ 500 հազար մահացության դեպք: